ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում Իսրայելի կողմից սպասվող նոր ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները չափազանց մտահոգիչ են։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության խոսնակ Թամարա ալ-Ռիֆային։
Օգոստոսի 20-ին Իսրայելի պետական «Kan» հեռուստառադիոընկերությունը հաղորդել է, որ պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքը գրավելու գործողությունը: Իսրայելի պաշտպանության բանակը պահեստազորայիններին մոտ 60,000 ծանուցագիր է ուղարկել նախատեսվող գործողությանը նախապատրաստվելու համար։
«Հնարավոր առաջիկա հարձակման մասին լուրը, իհարկե, չափազանց մտահոգիչ է, քանի որ Գազայում ոչնչացնելու բան փաստացի չկա: ՄԱԿ-ի տվյալները վկայում են բնակելի շենքերի, գյուղատնտեսական հողերի, ենթակառուցվածքների և բժշկական հաստատությունների լայնածավալ ավերածությունների մասին», - ասել է ալ-Ռիֆային:
Օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագիրը, որպեսզի հետագայում այն հանձնվի նոր «քաղաքացիական կառավարությանը»: Նեթանյահուն ասել է, որ միևնույն ժամանակ Իսրայելը չի պլանավորում իր հսկողության ներքո պահել Գազայի հատվածը, գործողության նպատակը «անվտանգության գիծ» ստեղծելն է: