Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային վարժանքներ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում

Առաջիկա զորավարժությունների ընթացքում իրանական զինված ուժերը կմշակեն փոքր, միջին և մեծ հեռահարության ճշգրիտ թևավոր հրթիռների օգտագործումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում՝ ճշգրիտ թևավոր հրթիռների լայն շրջանակի կիրառմամբ, զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 21-22-ին, հայտարարել է զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Աբբաս Հասանին:
«Իրանի ռազմածովային ուժերի «Կայուն ուժ» հրթիռային զորավարժությունները կկայանան առաջիկա երկու օրվա ընթացքում Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Օմանի ծոցում՝ վերջրյա, ստորջրյա, թռիչքային, առափնյա և ծովային հրթիռային ստորաբաժանումների մասնակցությամբ», -ասել է Հասանին, նրա խոսքը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը:
Նա նշել է, որ առաջիկա զորավարժությունների ընթացքում իրանական զինված ուժերը կմշակեն փոքր, միջին և մեծ հեռահարության ճշգրիտ թևավոր հրթիռների լայն տեսականու օգտագործումը՝ վերջրյա թիրախները խոցելու և ոչնչացնելու համար: Նա հավելել է, որ օգտագործվելու են նաև ԱԹՍ-ներ։