2025թ հունվար-հուլիսին ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելին է, քան 2024–ի նույն հատվածում

Մաքսակետ. Արխիվային լուսանկար
Նախարարը նշել է, որ աճ է գրանցվել նաև խնդրահարույց ծաղիկների արտահանման ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը։ Այս տվյալները իր սոցցանցում հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հատկանշական է համարել, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով»,–գրել է նա։
Հայաստանում ծաղիկ արտադրող ընկերություններից 26–ը ՌԴ արտահանելու թույլտվություն չեն ստացել
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ին հայտնեց, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Կազմակերպությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից ներկրվող ծաղիկների ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի կապակցությամբ:
Ռուսական կողմը 3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ Ռուսաստան են արտահանվում երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկներ, հարկերից խուսափելու համար արտահանում է իրականացվում մեկօրյա ընկերությունների միջոցով և վնասատու օրգանիզմների առկայություն։
Հուլիսի 11-ին ՍԱՏՄ–ն հայտնեց, որ Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբն առաջիկայում կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
Հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ 14 ընկերություն ՌԴ ծաղիկ արտահանելու թույլտվություն է ստացել։
Այս տարի 2.3 անգամ շատ ծաղիկ է արտահանվել. ՀՀ էկոնոմիկայի նախարար