Վաշինգտոնը հայտարարել է Զելենսկու հետ Պուտինի հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին

ԱՄՆ վարչակազմում ընդգծում են, որ խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի ոչ թե միակողմանի առավելության, այլ շահերի հավասարակշռության վրա, որը երկարաժամկետ կայունություն կապահովի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում հեռանկարներ են ուրվագծվում, որոնք կարող են հանգեցնել կայուն խաղաղության ստեղծմանը:
«Հիմա վերջապես թունելի վերջում կարող է լույս և տևական խաղաղության հնարավորություն հայտնվել»,-ասել է Լևիտը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը հիշեցրել է, որ փոխզիջումն անխուսափելիորեն զիջումներ է ենթադրում: Նրա խոսքով՝ կայուն կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն այնպիսի լուծման, որը լիարժեք գոհացուցիչ չի լինի նրանց համար։
«Լավ գործարք կնքելու համար երկու կողմերն էլ ստիպված կլինեն մի փոքր դժգոհ բաժանվել»,-եզրափակել է Լևիթը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ռազմական գործողություններին ամերիկացի զինվորականների մասնակցությունը բացառվում է:
«ԱՄՆ զինվորականներ չեն լինի Ուկրաինայում»,-ասել է Լևիտը՝ նշելով, որ Վաշինգտոնի դերն այլ է լինելու:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել եվրոպական դաշնակիցներին անվտանգության միջոցառումները համակարգելու հարցում և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործիքներ տրամադրել:
ԱՄՆ-ը ՌԴ-ի և Կիևի հետ քննարկում Է Պուտինի և Զելենսկու հանդիպման բազմաթիվ վայրեր
ԱՄՆ նախագահը, Լևիտի խոսքով, անվտանգության երաշխիքները համարում է կայուն խաղաղության հասնելու համար խիստ կարևոր պայման և ազգային անվտանգության թիմին հանձնարարել է համապատասխան աշխատանք կատարել եվրոպացի գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև Կիևի և Մոսկվայի հետ երկխոսության ընթացքում:
Այս համատեքստում մամուլի քարտուղարը հայտնել է, որ նախապատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպմանը: