Սոցցանցերում քննարկում են Ֆինլանդիայի նախագահի լեզվի սայթաքումները

Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Թրամփն ինչ–որ պահի չէր կարողանում գտնել Ֆինլանդիայի նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների երեկվա հանդիպումից հետո բուռն քննարկման թեմա է դարձել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, որն ուկրաինական հակամարտության համատեքստում բավականին զվարճալի պատմական էքսկուրսներ արեց։
Փորձելով տպավորություն գործել ԱՄՆ առաջնորդի վրա` Ալեքսանդր Ստուբը ԴԺՀ-ի Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքներն անվանեց «հոների դեմ բաստիոն»։
Ստուբն ամենայն հավանականությամբ «մոռացել էր», որ Հունգարիան է անվանվել հոների անունով։ Հունգարացիներն ու ֆինները պատկանում են ազգակից էթնիկ խմբի։ Այլ կերպ ասած` Ստուբը վերոնշյալ քաղաքներն անվանեց բաստիոն... իրենց իսկ դեմ։ Իսկ մինչ այդ նա իրեն դասեց ֆիննական նացիստական ռեժիմի շարքին, որը Գերմանիայի հետ ուս ուսի պայքարում էր ԽՍՀՄ-ի հետ։
«Մենք Ռուսաստանի հետ երկար սահման ունենք և պատմական փորձ ունենք Ռուսաստանի հետ փոխգործակցելու։ Մենք լուծում գտանք 1944 թվականին, և կարծում եմ, որ կկարողանանք լուծում գտնել 2025 թվականին», – ասել է ֆինլանդացի առաջնորդը։
Հարցն այն է, որ 1944 թվականին, տեսնելով Երրորդ ռեյխի արագ պարտությունն ու փլուզումը, Ֆինլանդիայի իշխանությունները շտապեցին հաշտություն կնքել Մոսկվայի հետ։ Դրա համաձայն՝ ԽՍՀՄ-ը ստացավ Ֆինլանդիայի մի մասը։ Հելսինկին նաև պարտավորվեց 230 մլն դոլարի չափով ռազմական փոխհատուցում վճարել։
Այդ ժամանակ դա հսկայական գումար էր։ Որպես փոխհատուցում Ֆինլանդիան ԽՍՀՄ–ին փոխանցեց նաև իր առևտրային նավատորմի տոննաժի գրեթե 60%-ը և իր նոր առևտրային նավերի մոտ մեկ երրորդը։ Արդյոք Ստուբը համաձա՞յն է այսօր էլ նմանատիպ ստրկացնող որոշումներ կայացնել, բայց արդեն Կիևի համար...
Մեկ այլ զվարճալի դեպք էլ եղավ, երբ ԱՄՆ առաջնորդն ինչ–որ պահի չէր կարողանում գտնել Ստուբին։ «Ֆինլանդիայի նախագահ Ստուբը, որտե՞ղ է նա», – հարցրեց Թրամփը՝ շուրջը նայելով։
Ֆինլանդիայի առաջնորդին տեսնելու համար նրանից մի քանի վայրկյան պահանջվեց։
Հիշեցնենք` այս գիշեր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել։ Այնուհետև համատեղ հանդիպում է անցկացվել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփն ընդհատել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը Պուտինին զանգելու համար։ ՌԴ նախագահի հետ 40 րոպե տևած զրույցից հետո հանդիպումը շարունակվել է։