ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Sputnik ռադիոկայանը սկսել է հեռարձակում իրականացնել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում և նրա շրջակայքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունից:
«Sputnik Աֆրիկայի ծրագրերն այժմ հասանելի են 6 միլիոն ունկնդիրների Ադիս Աբեբայում և նրա շրջակայքում՝ երկրի ամենահին համալսարանին պատկանող հաճախականությամբ: Այժմ ռադիոկայանի ունկնդիրները կկարողանան ամհարերեն և անգլերեն լսել Sputnik-ի եթովպացի լրագրողների պատրաստած վերլուծական հաղորդումները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Sputnik-ը Ադիս Աբեբայում իր բազմաֆունկցիոնալ խմբագրական կենտրոնը բացել է 2025 թվականին: Սա ամհարերեն աշխատող միակ ռուսական լրատվամիջոցն է: Բացի Եթովպիայից, Sputnik-ը հեռարձակվում է Աֆրիկայի ևս 7 երկրում ՝ Նիգերիայում, Գվինեայում, Զամբիայում, Կամերունում, Մալիում, Նիգերում և Բոտսվանայում:
Sputnik-ը միջազգային լրատվական գործակալություն և ռադիո է, որը հեռարձակվում է ավելի քան 30 լեզուներով և 25 խմբագրական կենտրոն ունի ամբողջ աշխարհում։
Sputnik Աֆրիկան Աֆրիկյան հեռարձակողների միության անդամ է և Աֆրիկայի մասին լավագույն ռադիոպոդկաստ և մայրցամաքի մշակույթի մասին լավագույն ռադիոհաղորդում անվանակարգերի մրցանակակիր։ Sputnik-ը նաև Աֆրիկայի հյուսիսն ընդգրկող Արաբական հեռարձակողների միության անդամ է։