Ռյազանի մարզում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 134-ը

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. ՌԴ Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի արտադրամասում տեղի ունեցած հրդեհ հետևանքով զոհվել է 20 մարդ, 134-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզային օպերատիվ շտաբը։
«Օգոստոսի 18-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի դրությամբ Շիլովսկի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 20 մարդ։ Տուժել է 134 մարդ, որոնցից 31-ը գտնվում է Ռյազանի և Մոսկվայի հիվանդանոցներում, 103 մարդ ստանում է ամբուլատոր բուժում», - ասվում է օպերատիվ շտաբի հայտարարության մեջ։
Նշվում է, որ որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Ռյազանի մարզպետ Պավել Մալկովի տեղեկությամբ՝ օգոստոսի 15-ին Շիլովսկի շրջանի ձեռնարկություններից մեկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան՝ անփութության պատճառով):