ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել Վլադիմիր Զելենսկուն և հայտարարել, որ վստահ է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկության հարցում, ինչպես նաև հաստատել է ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպում անցկացնելու իր պատրաստակամությունը։
Թրամփը նշել է, որ Պուտինի հետ Ալյասկայում կայացած հանդիպումը լավն էր, և խելամիտ հնարավորություն կա արդյունքի հասնելու հարցում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ուկրաինական կարգավորման որոշ հարցերում արդեն հաջողվել է առաջընթաց գրանցել։
Նա հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, դա են ցանկանում կողմերը և ամբողջ աշխարհը, սակայն ժամկետները դեռ հստակեցնել հնարավոր չէ։
«Մենք պետք է կայուն խաղաղություն ապահովենք։ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերջ դնել այս պատերազմին։ Այս պարոնը (Վլադիմիր Զելենսկին – խմբ.) ցանկանում է վերջ դնել դրան։ Ամբողջ աշխարհը հոգնել է այս պատերազմից։ Վեց ամսվա ընթացքում ես վեց պատերազմ դադարեցրի։ Կարծում էի, որ այս հակամարտությունն ամենահեշտը կլինի (կարգավորելու համար), բայց դա այդպես չէ», – հավելել է նա։
Նրա խոսքով` եվրոպական առաջնորդների հետ այսօր նախատեսված հանդիպման ժամանակ նա կքննարկի Ուկրաինայի կարգավորման առաջարկները։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է` կա՛մ այսօր գործարք կլինի, կա՛մ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը կդադարեցվի։ Հարցին, թե արդյոք քննարկվում է Ուկրաինայում եվրոպական ուժերի ներկայությունը, Թրամփը պատասխանել է, որ դրա մասին հնարավոր է խոսել ԵՄ երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո։
Նա Ուկրաինային խոստացել է խաղաղ կարգավորման շրջանակում «շատ լավ պաշտպանություն» տրամադրել, սակայն նշել, որ ՆԱՏՕ-ն կվճարի Ուկրաինայի ամերիկյան զենքի համար։ Թրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության նպատակը ժամանակավոր հրադադարը չէ (ինչպես ավելի վաղ պահանջում էին ԵՄ երկրները Կիևի հետ միասին – խմբ.), այլ երկարաժամկետ խաղաղությունը։
Զելենսկին չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք պատրաստ է տարածքային զիջումների գնալ, իսկ զենքի մասին հարցին պատասխանել է, որ Կիևը խնդիրներ ունի ամերիկյան զենք գնելու հետ կապված։ «Ուկրաինային ավելի շատ «Պատրիոտներ» են պետք»,–ասել է նա։
Զելենսկին նաև հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել, բայց դրա համար «անվտանգության պայմաններ կպահանջվեն»։ Նա պարզաբանել է, որ անվտանգություն ասելով՝ նկատի ունի հրադադարը։
Զելենսկին նաև հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել, բայց դրա համար «անվտանգության պայմաններ կպահանջվեն»։ Նա պարզաբանել է, որ անվտանգություն ասելով՝ նկատի ունի հրադադարը։
Զելենսկին Թրամփի հետ հանդիպմանը ժամանել է իր սովորությանը հակառակ՝ ոչ թե զինվորական ոճի հագուստով, այլ գրեթե պաշտոնական տեսք ունեցող կոստյումով՝ սև պիջակով և սև վերնաշապիկով՝ առանց փողկապի։ Լրագրողներից մեկը ուշադրություն է հրավիրել այս փաստի վրա։ Ի պատասխան՝ Զելենսկին ասել է. «Ես զգեստափոխվել եմ»։ Իսկ Թրամփը պատասխանել. «Ինձ դուր է գալիս»։
Ինչպես նախորդ անգամ, Զելենսկին որոշել է ԱՄՆ նախագահի հետ շփվել անգլերենով՝ ինքնուրույն, առանց թարգմանչի։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:
Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։