Փաշինյանը խաղաղությունը համեմատեց նոր տան, սիրելի ավտոմեքենայի և նորածնի հետ

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում 0–ից պետք է սովորեն, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությունն արեց ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում` անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։
«Օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բոլորովին նոր Հայաստանում , նոր Հարավային Կովկասում և այս փաստը պետք է գիտակցել»,– ասաց նա։
ՀՀ վարչապետի խոսքով` դա գիտակցելը հեշտ չէ, քանի որ դա մեզ անծանոթ իրավիճակ է, անծանոթ իրողություն։

«Մենք` 3–րդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում` պատերազմի կամ ոչ պատերազմի պայմաններում։ Սա նշանակում է, որ մենք գործնականում 0–ից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։ Խաղաղությունը այնպիսի տեսք ու պատկեր կունենա, ինչպիսի տեսք ու պատկեր մենք նրան կհաղորդենք, իհարկե Ադրբեջանի հետ։ Բայց փաստ է, որ հաստատված խաղաղությունը ամենօրյա խնամք է պահանջում, ինչպես խնամք է պահանջում նորածին երեխան, ինչպես նորաբնակ տունը, նոր ու սիրելի ավտոմեքենան։ Տան վիճակը կախված է ոչ միայն մեզնից, այլ նաև եղանակից, կոմունալներից, երկրաշարժ կամ փոթորիկ լինել–չլինելուց։ Մեր ավտոմեքենայի վիճակը կախված է ոչ միայն մեզանից, այլ նաև երթևեկության մյուս մասնակիցներից»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` սա նոր կյանք է, որը պետք է ապրել նորովի։
«Համաձայն Նոր կտակարանի այն խոսքի, թե նոր գինին հին տիկերի մեջ չեն դնում, ապա թե ոչ տիկերը կպատռվեն, և գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում և երկուսն էլ պահվում են»,– ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ մեր կյանքը, կենցաղը, իրականությունն այնքան են ներծծված կոնֆլիկտով ու պատերազմով, որ պետք է կառավարել նույնիսկ մեր իրականության և խաղաղության բախման ռիսկը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։