Նիկոլ Փաշինյանը բացատրեց` ինչու գերիների հարցը համաձայնագրում չի ներառվել

Ըստ Փաշինյանի՝ եթե այդ հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր տեղի չունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գերիների հարցը հայ–ադրբեջանական համաձայնագրում ներառելու ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվել։ Նա այդ մասին ասաց ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում։
Փաշինյանը հիշեցրեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները սկսվել են 2022թ․ գարնանը։
«Մենք այդ հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է։ Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ եթե այդ հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր տեղի չունենալ։ Նրա խոսքով՝ այսօր էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։
Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։