ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը չի նշանակում ԱՄՆ զորքի պարտադիր ներկայություն Ուկրաինայի տարածքում։
«Ի վերջո, դա պետք է որոշի նախագահ Թրամփը։ Բոլորովին պարտադիր չէ, որ դա ամերիկյան զորքը լինի, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ուկրաինան և եվրոպական երկրները կցանկանային տեսնել Միացյալ Նահանգների որոշակի մասնակցություն», – ասել է Ուիթաքերը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում ԱՄՆ-ի հնարավոր դերի մասին հարցին։
Ուիթաքերի խոսքով` չնայած ՆԱՏՕ-ն եվրոպական անվտանգության ճարտարապետություն ունի, Կիևին երաշխիքներ կտրամադրի «ցանկացողների կոալիցիան», որը, հավանաբար, կգործի «մեկի վրա հարձակումը համարվում է բոլորի վրա հարձակում» սկզբունքով (ՆԱՏՕ-ի 5-րդ հոդված)։
Դեսպանի խոսքով՝ նման կոալիցիայի մեջ կարող են մտնել Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, հնարավոր է՝ ԱՄՆ–ն, ինչպես նաև հենց Ուկրաինան։ Այդ երաշխիքների հարցը Սպիտակ տանը կայանալիք հանդիպման հիմնական թեման կլինի։ Միևնույն ժամանակ, Ուիթաքերը նշել է, որ Կիևի համար անվտանգության երաշխիքները պետք է ֆինանսավորվեն Եվրոպայի կողմից։
Ուիթաքերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը։ Վերջինս հանդիպումը «գերազանց» է որակել։