ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ խափանել է Ղրիմի կամրջի վրա ավտոմեքենայում տեղադրված մեծ հզորության ռումբ պայթեցնելու Ուկրաինայի հատուկ ծառայությունների հերթական փորձը:
«Հաստատվել է, որ հզոր ինքնաշեն պայթուցիկ սարքով մեքենան մի շարք երկրներով տարանցիկ ճանապարհով Ուկրաինայից եկել է Ռուսաստան։ Այն ռուս-վրացական սահմանը հատել է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության «Վերին Լարս» միջազգային անցակետում և պետք է մեկներ Կրասնոդարի երկրամաս», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԴԾ-ի՝ ռումբով մեքենան հետագայում պետք է փոխանցվեր մեկ այլ վարորդի. նա պետք է այն Ղրիմի կամրջով մտներ Ղրիմ և իր կամքից անկախ դառնար մահապարտ-ահաբեկիչ։
«Չնայած ուկրաինացի ահաբեկիչների բոլոր հնարքներին, ԱԴԾ-ին հաջողվել է արագորեն բացահայտել նրանց ծրագրերը, նույնականացնել և վնասազերծել «Chevrolet Volt» ավտոմեքենայի մեջ քողարկված պայթուցիկ սարքը, ինչպես նաև ձերբակալել մեր երկրի տարածք դրա մտցմանը մասնակցած բոլոր անձանց», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է։ Գերատեսչությունը վստահեցրել է, որ բոլոր կազմակերպիչներն ու հանցակիցները կենթարկվեն պատասխանատվության։