Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 17 — Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան մոտ 200 մ գլորվել է ձորը, որի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 17-ին, ժամը 17։19-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. բժիշկներն արձանագրել են նրա մահը: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։