ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ երկարատև հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույցներ է վարում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը Զելենսկու հետ երկարատև զրույցից հետո հեռախոսազրույց է ունենում ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հետ», - ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։