ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. ՌԴ Ռյազանի մարզում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածներից 4 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության Ռյազանի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի զոհ է դարձել 11 մարդ, օգնություն է ցուցաբերվել 130 տուժածի, որոնցից 29-ը հոսպիտալացվել են։
«Ռյազանի մարզում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածներից 16-ը բուժում են ստանում Ռուսաստանի առողջապահության նախարարության դաշնային բժշկական կենտրոններում և Մոսկվայի հիվանդանոցներում, 13-ը շարունակում են բուժումը Ռյազանի հիվանդանոցներում։ 4 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, ևս 7-ը գտնվում են ծանր վիճակում։ Մյուս վիրավորների վիճակը միջին ծանրության է», - լրագրողներին ասել է Կուզնեցովը։
Նրա խոսքով՝ բոլոր հիվանդները լիարժեք բուժօգնություն են ստանում։ Տուժածների բուժման համար հեռավար բժշկական խորհրդատվություններ են անցկացվում դաշնային բժշկական կենտրոնների մասնագետների հետ։ Տուժածների հետ աշխատում են հոգեբաններ և հոգեթերապևտներ։
Կուզնեցովը նաև նշել է, որ Ռյազանի մարզում տեղի ունեցած պատահարի հետևանքների վերացմանը մասնակցել է 38 բժշկական խումբ։
Հիշեցնենք` Ռյազանի մարզպետ Պավել Մալկովը հայտարարել է, որ օգոստոսի 15-ին հրդեհ է բռնկվել Շիլովսկի շրջանի ձեռնարկություններից մեկի արտադրական արհեստանոցում: Շրջանի տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան՝ անփութության պատճառով):