«Հսկայական առաջընթաց է գրանցվել». Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպումից հետո

Պատասխանելով հնարավոր հաջորդ հանդիպման մասին հարցին՝ ամերիկացի առաջնորդը հնարավոր է համարել, որ այն կարող է տեղի ունենալ Մոսկվայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում կայացած բանակցությունների արդյունքների մասին խոսելիս դրանք անվանել է «շատ արդյունավետ» և հայտնել «զգալի առաջընթացի» մասին մի շարք հարցերում, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող:
«Ես կասեի, որ մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Մենք իսկապես հսկայական առաջընթացի ենք հասել»,-հայտարարել է նա համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Անցնելով անձնական գնահատականների՝ ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ միշտ էլ լավ հարաբերություններ է պահպանել Պուտինի հետ:
«Ես միշտ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի՝ Վլադիմիրի հետ»,-նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս և ամբողջ ռուսական պատվիրակությանը:
Ձգտելով խաղաղության. Պուտինի ու Թրամփի պատմական հանդիպումը՝ լուսանկարներով
Միևնույն ժամանակ Թրամփը ժպիտով հավելել է, որ ԶԼՄ-ներում հրապարակումներից ճանաչում է Ռուսաստանի նախագահի թիմի շատ անդամների. «Դուք գրեթե նույնքան հայտնի եք, որքան ձեր բոսսը»։
Խոսելով բանակցությունների բովանդակային մասի մասին՝ Թրամփը հայտնել է, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել ուկրաինական խնդրին վերաբերող բազմաթիվ կետեր, թեև մի շարք հարցերի շուրջ առայժմ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

«Շատ կետեր համաձայնեցվել են, շատ քիչ բան է մնացել։ Դրանցից մի քանիսն այնքան էլ էական չեն», - հստակեցրել է նա։

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Պուտինը նույնքան շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցում, որքան ինքը։
«Մենք պատրաստվում ենք դադարեցնել արյունահեղությունը, և նախագահ Պուտինը դա ուզում է ճիշտ այնպես, ինչպես ես»,–հայտարարել է Թրամփը:
Թրամփն ու Պուտինը հանդիպում են անցկացնում Ալյասկայում
Նա նշել է, որ վերջին շրջանում լավ, արդյունավետ հանդիպումներ են ունեցել և հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շփումները կշարունակեն արդյունավետ լինել: ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ մտադիր է բանակցություններից հետո զանգահարել ՆԱՏՕ–ի անդամ երկրների ղեկավարներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի անձամբ տեղեկացնի նրանց ձեռք բերված արդյունքների մասին:
Պատասխանելով հնարավոր հաջորդ հանդիպման մասին հարցին՝ ամերիկացի առաջնորդը հնարավոր է համարել, որ այն կարող է անցկացվել Մոսկվայում:

«Հաջորդ անգամ Մոսկվայո՞ւմ։ Հետաքրքիր առաջարկ է: Միգուցե այդպես էլ լինի։ Տեսնենք»,-ասել է նա։

Նշենք, որ Ալյասկայում ՌԴ–ԱՄՆ բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:
ՌԴ-ն շահագրգռված է, որ Ուկրաինայում կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի. Պուտին