ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն այս բովանդակությամբ գրառում է արել սոցցանցում։
«Աշխարհն ավելի անվտանգ է դառնում, քանի դեռ գոյություն ունի բարձր մակարդակի երկխոսություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, և այս գագաթնաժողովի անցկացման համար երկու նախագահներն էլ հարգանքի են արժանի», - գրել է Սիյարտոն:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ:
«Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների, երկխոսության և դիվանագիտական ուղիները բաց պահելու միջոցով։ Մենք՝ հունգարացիներս, պաշտպանում ենք այդ դիրքորոշումն արդեն երեքուկես տարի՝ հանդես գալով Բրյուսելի և եվրոպացի ռազմատենչ քաղաքական գործիչների դեմ», - նշել է Սիյարտոն։
Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչն իր հերթին X սոցիալական ցանցում գրել է, որ Պուտինն ու Թրամփը «վաղուց հասունացած բեկում են կատարել» և կոչ է արել «աղոթել, որպեսզի դա խաղաղության ճանապարհի սկիզբը դառնա»:
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։