ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունները կհամագործակցեն ապօրինի թմրաշրջանառության հակազդման ոլորտում։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը, այս հարցը հայկական կողմի առաջարկով քննարկվել է Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստում։
«ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը նիստին առաջարկել է դիտարկել ոլորտային համագործակցության մեխանիզմների մշակումը ինչպես «Telegram» հարթակի, այնպես էլ կրիպտոարժույթների ծառայությունների հիմնական մատակարարների հետ»,– նշված է հաղորդագրությունում։
Արամ Ղազարյանը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակ
© Photo : official site of the Ministry of Internal Affairs of RA
Քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող խնդրահարույց հարցեր։
Առաջարկվել է այս ուղղությամբ ևս խորացնել համագործակցությունը, ինչպես նաև ակտիվացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի և եկամուտների օրինականացման մեթոդների և ձևերի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը
© Photo : official site of the Ministry of Internal Affairs of RA
Նշվում է, որ օրակարգում ընդգրկված 12 հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ:
Այցի շրջանակում Արամ Ղազարյանը մյուս մասնակիցների հետ հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ աշխարհամարտի և Լենինգրադի շրջափակման ընթացքում զոհվածների հիշատակին՝ ՀՀ ՆԳ նախարարության անունից ծաղկեպսակ դնելով Պիսկարյովյան հուշահամալիրում։