Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում

Թրամփը մեկնում է Ալյասկա՝ հանդիպելու Պուտինի հետ
Ամերիկյան առաջնորդը հույս ունի, որ Ալյասկայի գագաթնաժողովից «մի բան կստացվի»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ուղղությամբ առաջընթացի հասնելու դեպքում պատրաստ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բիզնեսի հարցերը:
«Ես նկատել եմ, որ նա (Պուտինը - խմբ.) իր հետ բազմաթիվ ռուսաստանցի գործարարներ է բերում, ինչը հիանալի է և ինձ դուր է գալիս, որովհետև նա ցանկանում է բիզնեսով զբաղվել, սակայն մենք դա չենք անի այնքան ժամանակ, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել (Ուկրաինայի հարցում - խմբ.):.. Եթե մենք առաջընթաց ունենանք, ապա դա կքննարկենք», - հայտարարել է Թրամփը լրագրողներին նախագահական օդանավում՝ Պուտինի հետ հանդիպելու համար Ալյասկա ուղևորվելիս։
Նա նշել է, որ ՌԴ-ի կողմից հետաքրքրություն է տեսնում ԱՄՆ-ի տնտեսական ներուժի նկատմամբ։
«Մեկ տարի առաջ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ժամանակվա տնտեսության դեպքում նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - խմբ.) շահագրգռված չէր լինի, նա հետաքրքրված է այն տնտեսությամբ, որն առկա է Թրամփի օրոք», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ, Թրամփը Ռուսաստանին սպառնացել է տնտեսական ծանր հետևանքներով, եթե Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումը ուկրաինական հարցում առաջընթաց չբերի:
Խոսելով Պուտինի հետ անցկացվելիք գագաթնաժողովի մասին՝ Թրամփն ասել է. «Ես չեմ պատրաստվում բանակցություններ վարել Կիևի անունից, այլ այստեղ եմ, որպեսզի բոլորին նստեցնեմ բանակցային սեղանի շուրջ»:
Պուտինի հետ գագաթնաժողովին Թրամփի պատվիրակության կազմում ընդգրկվել է 16 մարդ. ԶԼՄ
Նա նաև ասել է, որ հնարավոր չի գտնում Կիևին տրամադրել ՆԱՏՕ-ի ձևաչափով անվտանգության երաշխիքներ: Ինչ վերաբերում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հեռանկարներին, Թրամփը պատասխանել է, որ դա հնարավոր է Եվրոպայի և այլ երկրների մասնակցությամբ։
Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն այսօր Ալյասկայում: Ինչպես նախորդ օրը հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց կունենան, ապա հանդիպմանը կմիանան պատվիրակությունները։