Օվերչուկը հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի. ի՞նչ թեմաներ են քննարկվելու

Ալեքսեյ Օվերչուկը
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր են այն հարցերը, որոնք առնչվում են Հարավային Կովկասում իր շահերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ Երևան կայցելի՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը։
Նա լրագրողներին ասել է, որ ուղևորությունը նախապես է ծրագրվել։
«Այցը կապված է նրա հետ, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական կարգավորման մեջ նորմատիվ իրավական ակտ (ՀՀ կառավարության որոշում) է առաջացել, որը, մեր կարծիքով, հակասում է ԵԱՏՄ իրավունքին», – պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով, որ այդ հարցը կքննարկվի Երևանում։
Քանի որ դրանից հետո Վաշինգտոնում արդեն եռակողմ հանդիպում է կայացել, ստորագրվել է հռչակագիր՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, ակնկալվում է, որ Օվերչուկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի նաև բանակցությունների արդյունքները։
«Հնարավոր է` Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ հանդիպում լինի և մենք որոշ նրբություններ քննարկենք, որոնք նախևառաջ կապված են Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր են Հարավային Կովկասում իր շահերին վերաբերող հարցերը, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցությունների զարգացումը։
«Հաջորդ շաբաթվա վերջին նախատեսվում է հանդիպում նաև ադրբեջանական կողմի հետ, մենք այնտեղ ևս կքննարկենք այդ հարցերը, այնպես որ, շարժ կա», – հավելել է Օվերչուկը:
Հարցին` արդյոք այդ հանդիպումը կլինի Բաքվում, Օվերչուկը պատասխանել է, որ հանդիպումը «կկայանա Ռուսաստանում»:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։