ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հետևելու է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ալյասկայում։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում Է Ալյասկայի գագաթնաժողովին, այո, իհարկե, նա, ինչպես և մենք բոլորս, հետևելու է իրադարձություններին»,-ասել է Դյուժարիկը լրագրողներին:
Մամուլի քարտուղարը չի հստակեցրել, թե որ հեռուստաալիքով է Գուտերեշը հետևելու՝ հայտարարելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «սիրում է փոխել ալիքները»։
Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: Օգոստոսի 14-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը նախ առանձնազրույց կունենան, ապա հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ: