ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզարշավը կանցկացվի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ը:
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։ Ավելի վաղ` մարտին, հայտնի էր դարձել, որ նա 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Դրանից բացի սկանդալային սպանություն էր տեղի ունեցել Գասպարյանի ՔՊ–ական ամուսնուն պատկանող գազալցակայանում։ Իսկ դեռ 2023թ․–ին լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։
Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։