ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանն առաջիկա տասը տարիների ընթացքում Իսրայելի «Երկաթե գմբեթի» նման հակահրթիռային պաշտպանության համակարգ կստեղծի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Հաջորդ տասը տարիների ընթացքում, մինչև 2035 թվականը, ուզում եմ ընդլայնել, ուժեղացնել և արդիականացնել անվտանգության ազգային վահանը... Հնդկաստանը ձգտում է «Երկաթե գմբեթի» նման սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգը մշակել, որը կկոչվի «Սուդարշան Չակրայի առաքելություն» և նախատեսված կլինի կրիտիկական օբյեկտների, այդ թվում՝ քաղաքացիական շրջանների պաշտպանության համար», – ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրը։
Մոդին ընդգծել է, որ այդ համակարգը պետք է մշակվի և արտադրվի Հնդկաստանում։
«Հզոր այդ համակարգը ոչ միայն կհակազդի ահաբեկչական հարձակումներին, այլև պատասխան հարվածներ կտա», – հավելել է նա։
Մոդիի հայտարարությունները հնչել են Հնդկաստանի և Պակիստանի միջև շարունակվող լարվածության ֆոնին։