ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արեգակի վրա պսակաձև խոռոչ է առաջացել, որը սրընթաց տեմպերով մեծանում է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:
«Արդեն մի քանի օր է` Արեգակի՝ Երկրին նայող կողմում խոշոր պսակաձև խոռոչ է առաջացել, որի մակերեսը վերջին 24 ժամվա ընթացքում մեծացել է մոտ 50 տոկոսով», - ասված է հաղորդագրությունում։
Լաբորատորիան նշել է, որ խոռոչը մի քանի օր հետո կհանգեցնի Երկրի մերձակայքում արևային քամու արագության բարձրացման, ինչն իր հերթին կարող է ազդել մոլորակի գեոմագնիսական միջավայրի վրա։
«Ըստ ճշտված ժամանակացույցի՝ Երկրի մերձակայքում արևային քամու արագությունը կսկսի մեծանալ օգոստոսի 18-ին և արդեն օգոստոսի 19-20-ին կարող է հասնել անսովոր բարձր մակարդակի՝ վայրկյանում 800-900 կիլոմետրի, ինչը 2-2,5 անգամ գերազանցում է նորման», - հավելել է լաբորատորիան:
Գիտնականները խոսքով` արեգակնային քամու նման աճը 7-10 օր կազդի գեոմագնիսական միջավայրի վրա։ Մինչ այդ (նաև առաջիկա հանգստյան օրերին) Երկրի մագնիսական դաշտը հանգիստ կլինի։