Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները կանցկացվեն «երեքը երեքի դիմաց» ձևաչափով

Ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Սպիտակ տունը հայտնել է Ալյասկայում ՌԴ և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպման ձևաչափի փոփոխության մասին. այն տեղի կունենա ոչ թե դեմ առ դեմ, ինչպես նախատեսված էր ավելի վաղ, այլ ընդլայնված՝ «երեքը երեքի դիմաց» կազմով։
«Նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ավելի վաղ նախատեսված «դեմ առ դեմ» ձևաչափով հանդիպումն այժմ կկայանա «երեքը երեքի դիմաց» ձևաչափով։ Թրամփին կմիանան պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
Նա հավելել է, որ ընդլայնված երկկողմ հանդիպմանն ու ճաշին կմասնակցեն նաև Ռուբիոն, Ուիտկոֆը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լատնիկը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նախագահի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը:
Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: Օգոստոսի 14-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը նախ առանձնազրույց կունենան, ապա հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ: