ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը բանակցություններ են սկսել Ալյասկայում:
Հանդիպումը մեկնարկել է նեղ կազմով` «երեքը երեքի դիմաց» ձևաչափով։ Այն անցկացվում է Անքորիջում` Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմակայանում։
Սպասվում է, որ ավելի ուշ առաջնորդներին կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները։ Ընդլայնված կազմով բանակցությունները պետք է շարունակվեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով, ինչից հետո Պուտինն ու Թրամփը դուրս կգան լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ` գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելու։
Հիշեցնենք` Կրեմլը հայտնել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպման կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը: Անդրադարձ կլինի նաև խաղաղության և անվտանգության ապահովման առավել լայն խնդիրներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ և ամենասուր խնդիրներին: Ակնկալվում է, որ առաջնորդները մտքեր կփոխանակեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Մոսկվան կարծում է, որ այն հսկայական և մինչև հիմա չօգտագործված ներուժ ունի։