ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Սերոբ Գասպարյանին

Այցի արդյունքները կամփոփվեն և պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՄԻՊ ներկայացուցիչները «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում հանդիպել են «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սերոբ Գասպարյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանավորվել է 2024 թ. սեպտեմբերի 18-ին իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործի շրջանակում։
«Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն»,– նշված է ՄԻՊ-ի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, բժշկական փաստաթղթերը և այլն: Այցի արդյունքները կամփոփվեն և պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Հիշեցնենք, որ Գասպարյանի պաշտպանական թիմը օգոստոսի 13–ին հայտարարություն էր տարածել, որ «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Պաշտպանական թիմը պահանջել է կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում՝ լիարժեք ախտորոշմամբ և բուժական հստակ պլանով։