Կրակոցներ «Չաղ Ռուստամի» տան մոտ․ կա վիրավոր

Շտապօգնություն և ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Վիրավորը Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է, որը երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 04։30-ի սահմաններում ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
«Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ»,-գրում է կայքը։
Դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է, որը երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել։