Կնոջ վրա բենզին է լցրած ու այրած տղամարդը կալանավորվել է

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, աղջկան տեղում է բուժօգնություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին լցրած ու այրած տղամարդը կալանավորվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի գյուղերից մեկում տղամարդը բենզին է լցրել իր 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել։ shamshyan.com–ը գրել էր` եթե հարևանները շատ արագ օգնության չհասնեին, հնարավոր է՝ տունն ամբողջությամբ այրվեր։
Դեպքի առնչությամբ ՀՀ ՔԿ–ն հայտնել է` նախաքննությամբ պարզվել է, որ ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը:
«Կինը ստացել է այրվածքներ, իսկ այդ ընթացքում օգնության հասած դուստրը նույնպես ստացել է մարմնական վնասվածք»,–մանրամասնում են ՀՀ ՔԿ–ից։
Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: