ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ։ Այդ մասին այսօր նա ասաց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում իր առաջին դատական նիստից առաջ։
«Մեղադրանքն իրականության հետ աղերս չունի։ Յոթ տարի առաջ սկսվել է այս մեղադրանքի առաջադրումը, և մինչև հիմա որևէ լուրջ բան չի եղել»,– ընդգծեց նա։
Նա հերքեց լուրերը, թե ինքն ու ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նիստը շատ կարճ տևեց. հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Իր այդ որոշումը նա բացատրեց նրանով, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո հայտնաբերել է, որ նախկինում եղել է այս գործով հսկող դատախազ և չի կարող իրեն դիտարկել որպես դատավոր:
Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
Հուլիսի 28–ին Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ՀՀ վերաքննիչ դատարանը փոխեց վարչական հսկողությամբ: