«Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով քննության առարկա չի եղել. Տեր–Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ առաջին նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ինչպես էր կմկմալով հպարտանում Տիգրան Մեծի նվաճումների իրողությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Նա նշել է, որ «Հայոց պատմությունը» ընկալվել է թե՛ որպես Հայաստանի, թե՛ որպես հայերի, այն է՝ հայ ժողովրդի, թե՛ որպես հայ գաղթավայրերի պատմություն:
«Այս պարագայում, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեց դրա շուրջ ներկայումս ընթացող բանավեճը: Պատասխանը շատ պարզ է՝ առհասարակ պատմությունից և մասնավորապես Հայոց պատմությունից որևէ գաղափար չունեցող և իրեն ամենագետ համարող փառավոր անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, այն էլ Ադրբեջանից կրած ջախջախիչ ու նվաստացուցիչ պարտությունից հետո»,– գրել է Տեր–Պետրոսյանը:
Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ինչպես էր կմկմալով հպարտանում Տիգրան Մեծի նվաճումների իրողությամբ:
«Գավառականության ավելի ցայտուն և ամոթալի դրսևորում դժվար էր պատկերացնել»,– եզրափակել է ՀՀ 1–ին նախագահը:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2024–ի հուլիսի 11-ի նիստում հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` տևական ժամանակ քննարկվող որոշումը։
Նշենք, որ առարկայի անվանումը փոխելու ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռ այս տարեսկզբին։ Իշխանությունների այս նախաձեռնությունը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում։ Իսկ e–draft.am կայքում քվեարկած քաղաքացիների մեծ մասը դեմ է հանդես եկել այս փոփոխություններին։