ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերի հիման վրա կստեղծվեն աշխատանքային խմբեր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մոտ ապագայում կսկսվեն աշխատանքային գործընթացներ և այդ պահից սկսած, եթե անհրաժեշտություն լինի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել, կառավարությունը անպայման կտրամադրի այն»,-ասաց Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը կտրամադրի նաև լրացուցիչ տեղեկատվություն աշխատանքային խմբերի ձևաչափի վերաբերյալ։
«Աշխատանքային խմբերի ձևավորումը երկար չի տևի»,-ասաց նա։
Խուդաթյանը չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյոք ադրբեջանցիները կհանդիպեն հայ սահմանապահների հետ՝ Հայաստանի տարածքով անցնելիս։ Նա ընդգծեց, որ այս պահին տրամադրվել է այնքան տեղեկատվություն, որքան անհրաժեշտ է համարվել, ուստի ավելացնելու ոչինչ չունի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։