«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կանցկացվի կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը դիտարկում է ադրբեջանական կողմի հետ երկկողմ խորհրդակցությունների հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Երևանում կամ Բաքվում։ IRNA-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Երկխոսության այս ձևաչափը կարող է հարմար հարթակ դառնալ տարածաշրջանային նախագծերի քննարկման համար, հատկապես տրանսպորտային և ենթակառուցվածքային հաղորդակցությունների ոլորտում»,- նշել է Կոստանյանը։
Ըստ Կոստանյանի` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների վերականգնման մասին սկզբունքային համաձայնագիրը նոր էջ են բացել երկխոսության համար, այդ թվում՝ «3+3»-ի շրջանակում։
Նա տեղեկացրել է նաև, որ հայկական կողմը դիտարկում է ադրբեջանական կողմի հետ երկկողմ խորհրդակցությունների հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ձևաչափը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Արդեն կայացել է երեք հանդիպում, որոնց, սակայն, Վրաստանը չի մասնակցել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ