ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարներն այսօր Անկարայում հուշագիր են ստորագրել զինվորականների ուսուցման և խորհրդակցությունների մասին: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրին, արտգործնախարար Ասադ աշ-Շեյբանիին և Սիրիայի հետախուզության ղեկավար Հուսեյն աս-Սալյամեին:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, այնուհետև նախարարներ Գյուլերը և Աբու Քասրան ստորագրել են զինվորականների համատեղ ուսուցման և խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիան պաշտոնապես Թուրքիայից օգնություն է խնդրել պաշտպանական ներուժի ամրապնդման և ահաբեկիչների դեմ պայքարի համար։