Թրամփը սպառնացել է «հետևանքներով», եթե ՌԴ-ն չհամաձայնի հրադադար հաստատել

ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե առաջիկա հանդիպման ժամանակ անհրաժեշտ պատասխաններ չստանա, ապա ՌԴ նախագահի հետ հաջորդ հանդիպումը կարող է և չլինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ եթե Ռուսաստանը օգոստոսի 15-ի գագաթնաժողովին չհամաձայնի հրադադար հաստատել, ապա հետևանքներ կլինեն։

«Շատ լուրջ հետևանքներ կլինեն։ Այո՛», - ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հետևանքներ կլինեն, եթե ՌԴ-ն հրաժարվի ուկրաինական հակամարտությունում հրադադար հաստատելուց։

ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ չստանա անհրաժեշտ պատասխանները, ապա հաջորդ հանդիպումը կարող է և չլինել:
«Երկրորդ հանդիպում կարող է և չլինել։ Եթե ես գտնեմ, որ նպատակահարմար չէ անցկացնել այն, քանի որ չեմ ստացել այն պատասխանները, որոնք մեզ անհրաժեշտ են, ապա երկրորդ հանդիպում պարզապես չի լինի», – ասել է նա։
Ինչպես հայտարարել է ԱՄՆ առաջնորդը, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումից հետո կցանկանար, որ գրեթե անմիջապես տեղի ունենար Պուտինի և Զելենսկու հանդիպումը։
«Եթե առաջին հանդիպումը հաջող անցնի, մենք արագ կկազմակերպենք երկրորդը։ Ես կցանկանայի դա անել գրեթե անմիջապես: Եվ մենք արագ կանցկացնենք երկրորդ հանդիպումը նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև, եթե նրանք ցանկանան, որ ես ևս ներկա լինեմ», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք` Կրեմլն ու Սպիտակ տունը նախորդ շաբաթ հայտնեցին, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին կհանդիպեն Ալյասկայում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը օգոստոսի 12-ին հայտնեց, որ հանդիպումը կանցկացվի Ալյասկայի Անքորիջ քաղաքում: