ՌԴ–ում ուսուցիչները կհետևեն իրավախախտումների նկատմամբ միգրանտների երեխաների հակվածությանը

Դպրոց. Արխիվային լուսանկար
Ձեռնարկը ներառում է ստուգաթերթիկ ապօրինի գործողությունների հակված օտարերկրացի երեխաներին հայտնաբերելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում դպրոցի ուսուցիչներին խորհուրդ են տվել հետևել աշխատանքային միգրանտների երեխաների արտահայտություններին և գնահատել իրավախախտումների նկատմամբ հակվածությունը: Այս մասին հայտնում է «Ведомости» թերթը՝ հղում անելով ՌԴ լուսավորության նախարարության, ՆԳՆ-ի և կրթության և գիտության նախարարության առաջարկություններին։
Ուսուցիչները պետք է ուշադրություն դարձնեն սովորողների գրավոր աշխատանքներում այնպիսի արտահայտություններին, որոնք խոսում են պատմական հիշողության, ավանդական ռուսական արժեքների և պետական խորհրդանիշի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին:
Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել քաղաքական, սոցիալական և կրոնական թեմաներով խոսակցությունների ավելացման դեպքերին, եթե դրանցում հնչում են ծայրահեղ դատողություններ և անհանդուրժողականություն, առկա են կրոնական արմատականության, ծայրահեղականության և քրեական ենթամշակույթների նշաններով և խորհրդանիշներով հագուստ և առարկաներ։ Նաև պետք է ուշադրություն դարձնեն շոկային բովանդակության և ահաբեկչության, ծայրահեղականության, դաժանության և բռնության նկատմամբ հետաքրքրությանը:
Եթե օտարերկրացի երեխայի մոտ հայտնաբերվում են ապակառուցողական վարքի նշաններ, ապա խորհուրդ է տրվում առանձին աշխատել ինչպես նրա, այնպես էլ նրա ծնողների հետ: Մեթոդական առաջարկություններում ասվում է, որ անօրինական գործողությունները կանխելու համար դպրոցները կարող են անցկացնել «ընդհանուր բնույթի միջոցառումներ»:
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն մտահոգություն է հայտնել անչափահաս միգրանտների հանցավոր վարքագծի վերաբերյալ: Նրանց կատարած հանցագործությունների թիվը 2024 թվականին աճել է 8 տոկոսով՝ 353-ից հասնելով 381-ի։ Ընդ որում՝ 82 տոկոսով աճել է դեռահաս միգրանտների կողմից առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։