ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Եվրոպական երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 13-ին Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսների շարք կանցկացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով DPA գործակալությանը:
Խորհրդակցությունների նպատակն է միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսված է օգոստոսի 15-ին:
Բանակցություններին կմասնակցեն Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի առաջնորդները, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ինչպես նաև Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Գործակալության տվյալներով՝ նույն օրը կեսօրին Բեռլին կժամանի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խորհրդակցություններին միանալու համար։
Առցանց հանդիպման նախաձեռնողը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն է։ DPA-ն հստակեցնում է, որ բանակցությունների նպատակն է Թրամփի հետ համաձայնեցնել առանցքային դիրքորոշումները Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումից առաջ:
Մերցը նախատեսում է սկզբում նախնական խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի ամենամոտ եվրոպական դաշնակիցների հետ, այնուհետև իրավիճակը քննարկել Թրամփի և Վենսի հետ: Դրանից հետո նախատեսվում է արդյունքների ամփոփում այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» շրջանակներում։
DPA-ի տեղեկություններով՝ եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին վախենում են, որ Ալյասկայում Թրամփն ու Պուտինը կարող են պայմանավորվել Ռուսաստանին ուկրաինական տարածքներ հանձնելու մասին, ինչը Կիևը կտրականապես մերժում է: Նրանք հույս ունեն, որ Թրամփը Մոսկվայի հետ պարտավորություն կստանձնի Ուկրաինան ու ԵՄ-ն շրջանցող գործարք չկնքել։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ բանակցությունները «կկենտրոնանան Մոսկվայի վրա ճնշման հետագա տարբերակների վրա»: Նախատեսվում է նաև քննարկել «հնարավոր խաղաղ բանակցությունների նախապատրաստումը և դրանց հետ կապված տարածքային պահանջների ու անվտանգության հարցերը»:
Թրամփն օգոստոսի 8-ին հայտնել էր, որ ակնկալում է օգոստոսի 15-ին Պուտինի հետ հանդիպել Ալյասկայում: Ավելի ուշ այդ ծրագրերը հաստատել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիների քննարկման վրա: Նա նաև ընդգծել էր, որ Կրեմլը ակնկալում է Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումն անցկացնել Ռուսաստանի տարածքում: