Հայաստանը հաշվի է առնում Իրանի կենսական շահերը․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Թեհրանում է

Կառուցողական մթնոլորտում մտքեր են փոխանակվել ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ Հայաստանի և Իրանի դիրքորոշումների շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը: Այս մասին Թեհրանում հանդիպումների ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 12-13-ը Կոստանյանն Իրանում հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրելու և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված վերջին առաջընթացի կապակցությամբ Իրանի շնորհավորանքն ու աջակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կոստանյանը հիշեցրել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում՝ համապատասխան վերոնշյալ հռչակագրի տառին և ոգուն:
Ընդգծվում է, որ Թեհրանում կառուցողական մթնոլորտում մտքեր են փոխանակվել գործընթացի վերաբերյալ Հայաստանի և Իրանի դիրքորոշումների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել մշտական երկխոսությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։