ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական տնտեսական խորհրդի միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Գրիգորյանի աշխատակազմից։
Նիստը կկայանա օգոստոսի 14-15-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ շրջանակներում բորսայական առևտրի զարգացման ծրագիրը, միության անդամ պետությունների 2024-2026 թվականների տրանսպորտային քաղաքականությունը, ԵԱՏՄ-ում դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը:
Աշխատաշուկայի ոլորտում կքննարկվի ԵԱՏՄ աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների գծով որակավորման պահանջների մերձեցման նպատակահարմարության մասին զեկույցը: Կքննարկվի նաև աշխատողների մասնագիտական որակավորումների հաստատման կարգը:
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նիստին, քանի որ արձակուրդում է։