Ֆրանսիան Ռուսաստանին է հանձնել ԻՊ-ին անդամակցելու մեջ մեղադրվողին. դատախազություն

Հետաքննության վարկածով՝ Բոտաշևն ապօրինի զինված խմբավորումներին անդամագրվելու մտադրությամբ ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող «Մուասկար Սաբրի» զինյալների պատրաստման ճամբար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիան Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցմամբ արտահանձնել է Ռուսլան Բոտաշևին, որը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ՌԴ–ում արգելված է) զինյալների կազմում էր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Հետաքննության վարկածով՝ Բոտաշևն անօրինական զինված խմբավորումներին անդամագրվելու մտադրությամբ ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող «Մուասկար Սաբրի» զինյալների պատրաստման ճամբար, որտեղ 2014 թվականի նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի կեսերն անցնում էր ամենoրյա զինվորական գործի ուսուցում: 2015 թվականի հունվարին նա կամավորագրվել է անօրինական զինված կազմավորմանը, որը կառուցվածքային առումով մտնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մեջ», - նշել են գլխավոր դատախազությունում:
2015 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Բոտաշևը, ի թիվս այլ զինված մասնակիցների, պահպանում և պաշտպանում էր ահաբեկչական կազմակերպության ինժեներական ստորաբաժանումները, որոնք զբաղվում էին Հալեպ քաղաքում ստորգետնյա թունելների ականապատմամբ, ինչպես նաև պաշտպանում էր քաղաքը Սիրիայի կառավարական զինված ուժերից, որոնք գրոհել էին այն:
Իրանում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին
Ռուսաստանի գլխավոր դատախազության հանձնարարությամբ 2016 թվականի մարտին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ 2018-ի սեպտեմբերին Ֆրանսիայի տարածքում նրան ձերբակալելու մասին տեղեկատվության կապակցությամբ արտահանձնման հարցում է ուղարկվել Ֆրանսիա, իսկ 2025-ի հուլիսի վերջին տեղական իրավասու մարմինները հայտնել են նրան ՌԴ-ին հանձնելու ֆրանսիական կողմի պատրաստակամության մասին: