ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հարավային Կովկասի խնդիրների կարգավորման լավագույն տարբերակը հենց տարածաշրջանի երկրների կողմից իրենց անմիջական հարևանների աջակցությամբ մշակված լուծումների որոնումն ու իրականացումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:
«Մենք կարծում ենք, որ կողմնակի խաղացողների միանալը պետք է նպաստի միայն խաղաղ օրակարգի ամրապնդմանը, բայց լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր չստեղծի»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ֆադեևը նշել է, որ Ռուսաստանը մշտական շփումներ է պահպանում Իրանի հետ Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ: Մոսկվայում ուշադիր ուսումնասիրել են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների վաշինգտոնյան գագաթնաժողովի վերաբերյալ իրանական կողմի հայտարարությունները և այդ հայտարարություններում տարբեր նրբերանգներ ու շեշտադրումներ են տեսնում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։