ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն թույլատրել է մինչև օգոստոսի 20-ը իրականացնել այն բոլոր գործառնությունները, որոնք արգելված են հակառուսական պատժամիջոցների շրջանակում, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությանը։
«Բոլոր գործառնությունները, որոնք արգելված են պատժամիջոցներով, բայց անհրաժեշտ են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ալյասկա նահանգում կայանալիք հանդիպումներին մասնակցելու կամ աջակցելու համար, թույլատրվում է իրականացնել մինչև 2025 թվականի օգոստոսի 20–ը` Արևելյան ժամանակով 00։01-ը (Մոսկվայի ժամանակով` 07.01)», - ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք` Կրեմլն ու Սպիտակ տունը նախորդ շաբաթ հայտնեցին, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին կհանդիպեն Ալյասկայում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը օգոստոսի 12-ին հայտնեց, որ հանդիպումը կանցկացվի Ալյասկայի Անքորիջ քաղաքում: