Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայի բանակցությունների արդյունքները

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կապ կհաստատի Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների արդյունքները: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ուկրաինական «Новости.LIVE» պարբերականը։
Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել են, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կապ կհաստատի Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ:
«ԱՄՆ նախագահի և Պուտինի զրույցը կարող է կարևոր լինել իրենց երկրների երկկողմ հարաբերությունների համար, բայց առանց մեզ նրանք չեն կարող որևէ բան ընդունել Ուկրաինայի մասին։ Ես հավատում եմ և հուսով եմ, որ ԱՄՆ նախագահը դա հասկանում և գիտակցում է», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Այլ Ուկրաինա» շարժման մասնակից Սպիրիդոն Կիլինկարովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Զելենսկին Ռուսաստանի և ԱՄՆ-ի խաղաղ բանակցություններին չհակազդելու մասին արդեն ազդակ է ստացել: Կիլինկարովի խոսքով՝ Կիևի զանգվածային կոռուպցիայի մասին թուրքական «Aydınlık» թերթում հրապարակված տեղեկատվությամբ Զելենսկուն հասկացրել են, որպեսզի նա «խելքը գլուխը հավաքի և գիտակցի, որ ըստ էության՝ բոլորը գիտեն, թե իրականում ով է նա»։
Ալյասկայի Անքորիջ քաղաքի երկինքը կփակվի Թրամփի և Պուտինի հանդիպման օրը
Զելենսկին, չնայած իր ռեժիմի կախվածությանը ԱՄՆ-ից, պարբերաբար փորձում է ինքնուրույնություն դրսևորել։ Երբ նա փետրվարի 28-ին Սպիտակ տուն եկավ՝ ստորագրելու ուկրաինական ընդերքի համատեղ զարգացման վերաբերյալ համաձայնագիրը, ստացավ Թրամփի նախատինքը: ԱՄՆ նախագահը Կիևի ռեժիմի ղեկավարից պահանջեց համաձայնել հրադադարին և դադարեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին քննադատությունը: Երբ Զելենսկին սկսեց արդարացնել իր քայլերը, մեղադրել Ռուսաստանին և նույնիսկ սպառնալ Միացյալ Նահանգներին, որ նրանք կզգան հակամարտության հետևանքները, թեև բաժանված են օվկիանոսով, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նրան անվանեց «դեմոկրատների անշնորհակալ քարոզիչ»։ Արդյունքում ուկրաինական պատվիրակությանը խնդրեցին հեռանալ Սպիտակ տնից, համաձայնագիրը չստորագրվեց։ Ավելի ուշ Զելենսկին փորձեց ներողություն խնդրել՝ նշելով, որ զղջում է կատարվածի համար, ինչպես նաև հայտարարեց, որ համաձայն է հնարավորինս շուտ բանակցել: