ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ վարել Ուկրաինական կարգավորման սահմաններից դուրս հարցերի շուրջ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը։
«Ինչ վերաբերում է նախագահի տեսակետներին, կարծում եմ, որ նա շահագրգռված է նման բանակցությունների անցկացման հարցում, սակայն նրա գլխավոր առաջնահերթությունն այս պահին այդ պատերազմը դադարեցնելն է»,-ասել է Լևիտը լրագրողներին։
Նրա խոսքով՝ Թրամփի համար պատիվ է ընդունել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ամերիկյան հողում:
«Նախագահի համար դա մեծ պատիվ է, և նա անհամբեր սպասում է նախագահ Պուտինին ամերիկյան հողում ընդունելու հնարավորությանը»,-ասել է Լևիտը:
Նա նաև հայտարարել է ապագայում ԱՄՆ նախագահի Ռուսաստան այցի հնարավորության մասին:
«Հնարավոր է, որ հետագայում Ռուսաստան մեկնելու ծրագրեր լինեն»,-ասել է Լևիտը:
Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: