Թրամփն ուզում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ դատական հայց հարուցի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Ջերոմ Փաուելը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ղեկավարում է 2018 թվականի փետրվարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ Ջերոմ Փաուելի դեմ հնարավոր դատական հայցի մասին՝ ԴՊՀ-ի շենքի վերանորոգման աշխատանքների իբր գերծախսերի պատճառով:
«Ես քննարկում եմ Փաուելի դեմ խոշոր դատական հայց հարուցելու հնարավորությունը՝ կապված այն սարսափելի և ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, որը նա կատարել է ԴՊՀ-ի շենքերի շինարարությունը ղեկավարելիս: 3 միլիարդ դոլար՝ 50 միլիոնի վերանորոգման համար։ Վատ է»,-գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Նշենք, որ Ջերոմ Փաուելը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը գլխավորում է 2018 թվականի փետրվարից, նրա թեկնածությունն առաջադրել էր Դոնալդ Թրամփը, իսկ 2021 թվականին երկրորդ ժամկետով վերանշանակել էր նախագահ Ջո Բայդենը։
ԴՊՀ-ն Միացյալ Նահանգների կենտրոնական բանկն է, որը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության իրականացման, ֆինանսական շուկաների կարգավորման և բանկային համակարգի նկատմամբ վերահսկողության համար:
Թրամփի և Փաուելի հարաբերությունները լարված էին դեռևս Թրամփի առաջին նախագահության տարիներին։ 2018-2020 թվականներին նա հրապարակայնորեն քննադատում էր ԴՊՀ ղեկավարին՝ իր կարծիքով չափազանց բարձր տոկոսադրույքների, ինչպես նաև տնտեսական մարտահրավերներին դանդաղ արձագանքելու համար: