Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականը կալանավորվել է

Արշակ Օրդուխանյանը, ըստ հերթականության, պետք է փոխարիներ մանդատը վայր դրած Վիլեն Գաբրիելյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ–ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։
«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում «հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու» և «հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակություն» հոդվածներով»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Օրդուխանյանը ևս մեկ քրեական գործով է անցնում, որն արդեն դատարանում է։ Ըստ «Դատալեքսի»` նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով` կազմակերպել է անօրինական միգրացիա:

Մեղադրյալ Արշակ Օրդուխանյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 5 միլիոն դրամի չափով գրավ, ավելի ուշ խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացվել, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, թողնվել է անփոփոխ։ Դատական լսումները շարունակվում են։
Արշակ Օրդուխանյանը, ըստ հերթականության, պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին։