Պուտինը Կիմ Չեն Ինի հետ խոսել է Թրամփի հետ առաջիկա բանակցությունների մասին

Պուտինը և Կիմ Չեն Ինը համաձայնության են եկել հետագա անձնական շփումների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկատվություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա բանակցությունների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունները։
«Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի», - ասվում է հայտարարության մեջ։
Պուտինը բարձր է գնահատել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կողմից Կուրսկի շրջանի ազատագրման ժամանակ ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև ԿԺԴՀ զինվորների կողմից ցուցաբերված քաջությունը, հերոսությունն ու անձնուրացությունը։
Պուտինը և Կիմ Չեն Ինը համաձայնության են եկել հետագա անձնական շփումների վերաբերյալ։
Կրեմլը և Սպիտակ տունը ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։