ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Կիևը սադրանք է նախապատրաստում օգոստոսի 15-ին սպասվող ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու համար, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մի քանի ալիքներով ստացված տեղեկատվության համաձայն՝ Կիևի վարչակարգը սադրանք է նախապատրաստում օգոստոսի 15-ին նախատեսված ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ նպատակով օգոստոսի 11-ին Խարկովի մարզի Չուգուև քաղաք ՈւԱԾ ավտոտրանսպորտով արտասահմանյան ԶԼՄ-ների մի խումբ լրագրողներ են տեղափոխվել՝ «մերձճակատային գոտում քաղաքի բնակիչների մասին ռեպորտաժների շարք պատրաստելու» լեգենդով:
Ռազմական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 8–ին Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստից անմիջապես առաջ ծրագրվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ սադրիչ հարված հասցնել խիտ բնակեցված թաղամասերից մեկի կամ հիվանդանոցի ուղղությամբ՝ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով տուժածներ ունենալու համար, ինչը պետք է անմիջապես «արձանագրեն» արևմտյան լրագրողները:
«Կիևի ռեժիմի սադրանքի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում հարվածի և զոհերի ողջ պատասխանատվությունը դրվելու է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վրա, որպեսզի բացասական մեդիա-ֆոն և պայմաններ ստեղծվեն՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերով ռուս-ամերիկյան փոխգործակցությունը խափանելու նպատակով»,-ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նախազգուշացրել են, որ հնարավոր են սադրանքներ նաև Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող այլ բնակավայրերում:
Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: