Իջևանում հնդիկ աշխատակիցների բողոքի ցույցի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իջևանում գործող «Իջ գրանդ տեքստիլ օպտ» ընկերության հնդիկ աշխատակիցների բողոքի ցույցի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի տասնյակ հնդիկներ օգոստոսի 6–ի երեկոյան փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը` պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։
Դատախազությունից նշեցին, որ վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ինչպես նաև 195-րդ հոդվածի 1-ին մասով և 335 -րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ կարի արտադրամասում աշխատում են Հնդկաստանի 205 քաղաքացիներ և 170 հայեր։