ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով

Ըստ նոր փոփոխությունների՝ 1 տարում նույն խախտումը կրկին կատարելը քրեական պատասխանատվության կբերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար նախատեսված տուգանքը կրկնապատկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ` օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք 25․000 դրամի կփոխարեն կտուգանվեն 50․000 դրամով։ Ավելին, 1 տարում նույն խախտումը կրկին կատարելը քրեական պատասխանատվության կբերի։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1–ից էլ վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի։ Ընթացիկ տարվա հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտի, այլև թվային տարբերակով։
Նշենք, որ իրավախախտը առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար կարող է պատժվել հասարակական աշխատանքներով՝ 80-ից մինչև 150 ժամ, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով:
ՆԳՆ պետի տեղակալ Արմեն Մկրտչյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականին գրանցվել է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 56 հազար դեպք, իսկ 2023 թվականին՝ 38 հազար։